ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Եթե Օբաման Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարություն չանի, Կոնգրեսը կընդունի այդպիսի բանաձև»

«Եթե Օբաման Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարություն չանի, Կոնգրեսը կընդունի այդպիսի բանաձև»
20.03.2009 | 00:00

«ԱՐՏԱՔԻՆ ՃՆՇՈՒՄՆ Է, ՈՐ ԾՆՈՒՄ Է ՆԵՐՔԻՆ ՃՆՇՈՒՄ, ԵՎ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ ԻՆՉ-ԻՆՉ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ»
Ապրիլի 6-ին ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբաման կայցելի Թուրքիա։ Այդ այցելության համատեքստում տարբեր կանխատեսումներ կան, թե ինչպիսի զարգացում կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ԱՄՆ-ում։ Խնդրո առարկայի կապակցությամբ իր տեսակետն է ներկայացնում ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԸ։

-Պարոն Մանոյան, վերջին ասուլիսում Դուք նշեցիք, որ երեք հնարավոր տարբերակով կարող են զարգանալ Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ ԱՄՆ-ի վարչակազմի դիրքորոշումները։ Այնուհանդերձ, այդ ճակատագրական բառը` «ցեղասպանություն», ԱՄՆ-ի նախագահը կարտահայտի՞ ապրիլի 6-ին Թուրքիայում լինելուց հետո։
-Իսկապես, երեք հավանական սցենար կա այս կապակցությամբ։ Ըստ առաջին տարածված մեկնաբանության, ԱՄՆ-ի նախագահը Թուրքիա է այցելում որոշ պայմանավորվածություններ ձեռք բերելու, որոնց պատճառով էլ ապրիլի 24-ի նրա խոսքում չի հնչի «ցեղասպանություն» բառը։ Ես ավելի կողմնակից եմ երկրորդ կանխատեսմանը, որ Բարաք Օբաման անպայման բնորոշելու է 1915-ի դեպքերն իբրև ցեղասպանություն և Անկարա է այցելում այդ մասին թուրքական կողմին տեղյակ պահելու համար։ Ամենաանհավանականը երրորդ սցենարն է, որ ԱՄՆ-ի նախագահը գնում է Թուրքիա` նրա ղեկավարությունից պահանջելու, որ մինչև ապրիլի 24-ը Թուրքիան դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին պայմանագիր ստորագրի Հայաստանի հետ, ինչպես նաև պատրաստակամություն արտահայտի կոնկրետ ժամկետներում բացելու հայ-թուրքական սահմանը։ Եվ իբր այդ դեպքում նախագահ Օբամայի խոսքում չի հնչի «ցեղասպանություն» բառը։ Ամեն դեպքում ես սա քիչ հավանական եմ համարում։
-Ինչո՞ւ։ Կային խոսակցություններ, որ Երևանում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) գագաթաժողովի շրջանակներում այդպիսի հայ-թուրքական պայմանագրի ստորագրումը շատ հնարավոր է։
-Իսկապես, կային այդպիսի կանխատեսումներ, բայց ուշադրության է արժանի այն փաստը, որ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը, որ իբր այդ նպատակով պիտի ժամաներ Երևան, հայտարարեց, թե ինքը ՍԾՏՀ գագաթաժողովին մասնակցել չի կարող, որովհետև կարևոր միջազգային միջոցառումներ կան Ճապոնիայում ու Պակիստանում։
-Թուրքիայի արտգործնախարարը դրանով փորձում է ԱՄՆ-ի ճնշումից խուսափե՞լ, թե՞ հակառակ ճնշում գործադրել։
-Կարծում եմ, Անկարան սրանով փորձում է հակառակ ճնշում գործադրել։ Այսինքն` թուրքական կողմն ուզում է սպասել, համոզվել, որ ապրիլի 24-ին ԱՄՆ-ի նախագահը 1915-ի դեպքերը չի բնորոշի իբրև ցեղասպանություն, և դրանից հետո իրենք ազատ կլինեն Հայաստանի հետ իրենց ցանկացած ռեժիմով բանակցելու։ Իսկ եթե ԱՄՆ-ի նախագահն ընդունի տեղի ունեցած իրողությունը, իրենք ուղղակի պայմանագիր չեն ստորագրի։ Սա Թուրքիայի ստանդարտ գործելակերպն է` շանտաժի միջոցով ԱՄՆ-ի վարչակազմերի վրա ազդելու։ Բայց չեմ կարծում, թե այս անգամ հաջողություն կունենան։
-Եվ ո՞րն է դրա երաշխիքը։
-Նախագահ Օբամայի և նրա անցած թիմի քաղաքական ուղին։ Նախագահ Օբաման դեռ մինչև թեկնածու լինելը, երբ միայն սենատոր էր, հատուկ նամակով դիմեց Ջորջ Բուշին` առաջարկելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նրա թիմի առանցքային դեմքերը` փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմիցս հանդես են եկել Հայ դատի պաշտպանությամբ, ընդ որում` երկար տարիներ։ Այսինքն, նրանց քաղաքական կենսագրության մեջ սա հետևողական գիծ է։ Բացի այդ, պատահական չէ նաև, որ այս օրերին կոնգրեսականներ Ադամ Շիֆի և Ռադանովիչի նախաձեռնությամբ Կոնգրեսի օրակարգ է մտել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի նախագիծը։
-Դա նույն նախագի՞ծն է, որ արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունեց մոտ 1,5 տարի առաջ։
-Այո՛։ Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ կոնգրեսականներ Շիֆը և Ռադանովիչը ներկայացնում են հանրապետական ու դեմոկրատական կուսակցությունները, նրանց աջակցում է ևս 75 պատգամավոր։ Բանաձևի նախագիծը, իմ կարծիքով, Կոնգրեսի օրակարգ է մտել այն նպատակով, որ եթե ապրիլի 24-ին նախագահ Օբաման Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարություն չանի, Կոնգրեսը կընդունի այդպիսի բանաձև, որն ուղղակիորեն խորհուրդ է տալիս նախագահին ոչ միայն ճանաչել 1915-ի դեպքերը իբրև ցեղասպանություն, այլև երկրի արտաքին հարաբերությունները կառուցելիս առաջնորդվել այդ բանաձևից ելնելով։
-Այսինքն, Կոնգրեսի այդպիսի որոշումը համարժե՞ք է նախագահի հայտարարությանը։
-Ո՛չ, դա կլինի ևս մեկ քայլ առաջ, բայց համարժեք չէ։ ԱՄՆ-ը, այնուհանդերձ, նախագահական հանրապետություն է։ Մինչ օրս Կոնգրեսն էլի երեք անգամ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևեր, սակայն ԱՄՆ-ի նախագահներից միայն Ռոնալդ Ռեյգանն է իր ելույթում 1915-23 թթ. դեպքերը բնորոշել իբրև ցեղասպանություն, որը, սակայն, հետո փորձ արվեց ներկայացնել իբրև լեզվի սայթաքում։ Բայց, այնուհանդերձ, փաստը կա։
-Մի պահ պատկերացնենք, որ ԱՄՆ-ի նախագահն իսկապես ասաց, որ 1915-23-ի ջարդերը ցեղասպանություն են, ինչը համապատասխանում է իրականությանը։ Դրանից հետո Կոնգրեսը կրկին բանաձև կընդունի՞, թե՞ դրա անհրաժեշտությունը կվերանա։
-Կարող է և այլևս չընդունել։ Այսինքն` դա այլևս հրատապ անհրաժեշտություն չի լինի, քանի որ, ինչպես նշեցի, ԱՄՆ-ում նախագահն է երկրի առաջին դեմքը, և նրա խոսքն է տվյալ պարագայում որոշիչ։ Պատահական չէ, որ պայքարը ծավալվում է այդ մի բառի համար։
-Շատ են կանխատեսումները, որ Օբաման չի դիմի այդ քայլին` Թուրքիայի հետ հարաբերությունները վերջնականապես չվատթարացնելու համար։ Եվ այդ իմաստով հայ-թուրքական ինչ-որ համաձայնություններն ԱՄՆ-ին ավելի ձեռնտու են։ Ինչ-որ պայմանագիր, համատեղ քննարկումների ինչ-որ ֆորմատի ստեղծում։
-Ես չեմ կասկածում, որ Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից կա ճնշում, որպեսզի Անկարան քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ։ Բայց դա ուղղակիորեն պետք չէ կապել հայոց ցեղասպանության ճանաչման փաստի հետ։ ԱՄՆ-ում այս խնդիրը բարձրացվում է գրեթե ամեն տարի և պետք է իր լուծումը ստանա։ Ամերիկահայությունը խիստ վիրավորված կլինի, եթե նախագահ Օբաման, ապրիլի 6-ին Թուրքիա այցելելով, դրա հետևանքով հրաժարվի իր նախընտրական խոստումից, որը կրկնել է մի քանի անգամ։
Ինչ վերաբերում է թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացմանը, ապա Թուրքիայի այդ կարգի շանտաժները շատ ենք տեսել։ Երբ Ֆրանսիան պատրաստվում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան և Ֆրանսիան ունեին բավական աշխույժ տնտեսական հարաբերություններ։ Անկարան սպառնաց, որ ճանաչման դեպքում այդ հարաբերությունները կխզվեն։ Ֆրանսիան չընկրկեց և Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը լուծեց օրենքի մակարդակով, որ, անշուշտ, շատ լուրջ քաղաքական որոշում էր։ Մի քանի ամիս դրանից հետո թուրք-ֆրանսիական տնտեսական հարաբերություններն անկում ապրեցին, այնուհետև սկսեցին վերականգնվել։ Որովհետև Թուրքիան ավելի կարիք ունի Ֆրանսիայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման։ Նույնը կլինի նաև ԱՄՆ-ի դեպքում։
-Ինչպիսի՞ն է Ամերիկայի հրեական կազմակերպությունների դիրքորոշումն այսօր այս հարցում։
-ԱՄՆ-ի հրեական համայնքն ու հրեական կազմակերպություններն անցած տարիներին մեծ մասամբ մեջ աջակցել են ցեղասպանության խնդիրն ԱՄՆ-ում փակելու Թուրքիայի ջանքերին։ Դա պայմանավորված էր թուրք-իսրայելական ջերմ հարաբերություններով։ Այժմ Թուրքիայի ու Իսրայելի միջև նկատելի սառնություն կա, եթե չասենք հարաբերությունների կտրուկ վատթարացում։ ԱՄՆ-ի հրեական կազմակերպություններն արդեն իսկ մի քանի անգամ ասել են թուրք խորհրդարանականներին, որ այս հարցում իրենք այլևս Անկարային չեն աջակցելու։ Իսկ նման դիրքորոշումը մի օրում չի փոխվում։ Ավելին, եթե Թուրքիա-Իսրայել հարաբերությունների սրացում լինի այս փուլում, չի բացառվում, որ ԱՄՆ-ի հրեական կազմակերպությունները կաջակցեն Հայ դատին։
-Ըստ Ձեզ, ԱՄՆ-ն ի՞նչ խնդիր է լուծում այս պահին Հայոց ցեղասպանության ճանաչման որոշում ընդունելով, եթե նախագահ Օբաման հայտարարի այդ մասին, և ի՞նչ կտա դա հայությանը։
-Ամենից առաջ մեկընդմիշտ վերջ կդրվի ամերիկյան հասարակության մեջ այս կապակցությամբ ներհասարակական բանավեճին։ Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ դա կլինի հզորագույն արտաքին ճնշում Թուրքիայի նկատմամբ, որպեսզի Թուրքիան էլ գնա այդ քայլին։ Որպես կարևոր քաղաքական հետևանք, ԱՄՆ-ի դիրքորոշումը կարող է խթանել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը նաև Մեծ Բրիտանիայում, ինչը քաղաքական առումով նույնպես շատ կարևոր է։ Որովհետև Անգլիան, որպես դաշնակից պետություն, անմիջական մասնակից է եղել 1915-23 թթ. իրադարձություններին, ունի բոլոր փաստաթղթերը, նաև մեղքի բաժինն ունի, որ ամեն ինչ այն ժամանակ հայության համար այդքան ողբերգական դասավորվեց։
-Իսկ մյուս եվրոպական պետությունների կողմից ճանաչման գործընթաց կլինի՞։
-Դա արդեն այդքան էական չէ։ Նախ, Եվրամիության բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը, այդ թվում` առանցքային պետություններ Ֆրանսիան ու Գերմանիան։ Բունդեսթագի ընդունած փաստաթուղթն ամենածավալունն է եղել և քաղաքական առումով շատ կարևոր, որովհետև Գերմանիան ոչ միայն ընդունում է սեփական մեղսակցությունը 1915-ի դեպքերին, այլև կոչ անում Թուրքիային` հետևել իր օրինակին, լավ ուսումնասիրել սեփական պատմությունը և ընդունել այն այնպես, ինչպես ժամանակին Գերմանիան ճանաչեց հոլոքոստի փաստը։ Բացի այդ, Հայոց ցեղասպանության ճանաչման որոշում դեռ 1987-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանը, և այն փաստորեն արտահայտում է եվրոպական հասարակական կարծիքը։ Համանման որոշում ունի Հարավային Ամերիկայի տնտեսական շուկայի խորհրդարանը, 1994-ին այդպիսի որոշում ընդունել է Ռուսաստանը։ Այսինքն, եթե աշխարհի բնակչության տեսակարար կշռի հաշվառումով մոտենանք խնդրին, խոշոր տերություններից միայն Չինաստանն ու Հնդկաստանն են, որ այս կապակցությամբ որոշում չունեն։
-Բայց Թուրքիան բոլոր դեպքերում շարունակում է մերժել իրողությունը և գործադրում է համապատասխան դիվանագիտական, քարոզչական ջանքեր։
-Պետական քաղաքականության առումով ամեն ինչ, ցավոք, նույնն է։ Հասարակական մակարդակում որոշակի փոփոխություն կա։ Ինչպես հայտնի է, ինտերնետային կայքի միջոցով մոտ 30 հազար թուրքեր ներում են հայցել հայերից, թեպետ ամեն կերպ խուսափում են իրողությունն իբրև ցեղասպանություն բնութագրելուց։ Բոլորովին վերջերս հրապարակվեց Թալեաթի գաղտնի նոթատետրը, որ 1982-ից գտնվում էր թուրք լրագրող Մուրադ Բարդակչիի մոտ, և որն այդքան տարի չէր համարձակվել այն ասպարեզ բերել։ Ահա, ուրեմն, Թալեաթի նոթատետրում եղած տվյալների համաձայն, համեմատություն է անցկացված 1914-ին Թուրքիայում ապրող հայերի թվակազմի և 1916-ի կամ 1917-ի իրավիճակի միջև։ ՈՒ պարզվում է, որ Թալեաթի հաշվարկներով այդ ընթացքում 900 հազար հայ «անհետացել» է։
Այսպիսի դրսևորումները ցույց են տալիս, որ ոչ պետական քաղաքականության մեջ, բայց թուրք հասարակության ներսում տեղի են ունենում դանդաղ փոփոխություններ։ Դրանք կուժեղանան, եթե լինի հզոր արտաքին ճնշում, ինչպես, օրինակ, նախագահ Օբամայի կողմից պատմական դեպքերի ճիշտ բնորոշումը։ Այլ կերպ Թուրքիայում փոփոխությունների հասնել հնարավոր չէ։ Արտաքին ճնշումն է, որ ծնում է ներքին ճնշում, և տեղի են ունենում ինչ-ինչ բարեփոխումներ։
-Շատ լավ. մի պահ պատկերացնենք` տեղի է ունենում ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման արձանագրումը։ Դրանից հետո Հայաստանի համար ի՞նչ հեռանկարներ են բացվում Հայ դատի պաշտպանության առումով։
-Այստեղ խորհելու բան կա, բայց ոչ թե փաստի մեկնաբանության տեսակետից։ Ինչպես նշեցի, միջազգային բազմաթիվ կազմակերպություններ ու պետություններ ցեղասպանության փաստը ճանաչել են որպես իրողություն։ Դրանից հետո հայությունն ու Հայաստանը, իբրև պետություն, կարող են միջազգային ատյաններում, մասնավորապես ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանում ընդդեմ Թուրքիայի հայց հարուցել ցեղասպանության հետևանքների փոխհատուցման վերաբերյալ։ Հենց հետևանքների, որովհետև նկատի ունենանք հետևյալը. ոչ վաղ անցյալում Թուրքիան էր պնդում, թե եթե ցեղասպանություն է եղել, ինչո՞ւ Հայաստանն այդ հարցով չի դիմում ՄԱԿ-ի միջազգային իրավական դատարան։ Այդ երկու դատարաններն էլ գտնվում են Հաագայում։ Բայց Հայաստանի կողմից այդպիսի դիմումը կնշանակեր ցեղասպանության հարցը բանավեճի առարկա դարձնել, մինչդեռ կայացած փաստի շուրջ բանավիճելու բան չկա։ Եվ ԱՄՆ-ում դրա ճանաչումից հետո այն առավել ևս կդառնա ճանաչված իրողություն։
Այժմ մենք, իբրև կուսակցություն, մտածում ենք հենց այդ խնդրի շուրջ, թե ինչ ձևերով, ինչ կոնկրետ հարցադրումներով է հնարավոր հանդես գալ միջազգային իրավական ատյաններում ցեղասպանության հետևանքների վերացման պահանջով։ Մեր մտահոգությունն այսօր պայմանավորված է մի հանգամանքով. առկա է հայ-թուրքական փոխհարաբերությունների որոշակի գործընթաց, դիվանագիտական շփում տարբեր մակարդակներում։ Դաշնակցությունը կարծում է, որ եթե անգամ այդ շփումների ընթացքում հանդես բերվի միջպետական հարաբերությունների հաստատման նախաձեռնություն, մենք պետք է զգուշանանք երկու հանգամանքից։ Հայաստանը հայտարարել է, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։ Սակայն, եթե ստորագրվի միջպետական պայմանագիր դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, սահմանը բացելու վերաբերյալ, այդ փաստաթղթում չպետք է լինի որևէ դրույթ, որը կպարունակի մեր իրավունքների հետագա հետապնդման որևէ սահմանափակում։ Չպետք է լինի նաև որևէ հոդված որևէ մեկնաբանությամբ, եթե այն չնչին իսկ կասկածի տակ կարող է դնել Հայոց ցեղասպանության իրողություն լինելու փաստը։ Թուրքիայի հետ հարաբերություններում այս երկու հանգամանքից մենք պետք է խուսափենք, մնացածը ժամանակի խնդիր է։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2955

Մեկնաբանություններ